Գլոբալ տնտեսությունը «նուրբ պահ» է ապրում․ ԱՄՀ
Գլոբալ տնտեսությունը «նուրբ պահ» է ապրում տարվա վերջին աճի ակնկալիքների ֆոնին, որին սպառնում են տարբեր գործոններ, օրինակ՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային լարվածության աճը։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը՝ հայտնում է AP-ը։
Նրա խոսքերով, ԱՄՀ-ն չի կանխատեսում անկում իր նորացված տնտեսական կանխատեսման մեջ, որը կհրապարակվի հաջորդ շաբաթ, սակայն նա ընթացիկ իրավիճակը անվանել է «անկայուն» եւ խոցելի՝ քաղաքական սխալների տեսակետից։ Լագարդը նշել է, որ երկար սպասված վերականգնմանն այս տարի նպաստել են կենտրոնական բանկերի գործողությունները, այդ թվում՝ տնտեսական աճի դանդաղման պատճառով տոկոսադրույքների ապագա բարձրացումը դադարեցնելու մասին Դաշնային պահուստի հայտարարությունը։
«Պարզեցնելու համար ասեմ, որ առաջիկայում ինձ անկում տեսանելի չէ»,- ասել է Լագարդը ԱՄՆ Առեւտրային պալատում իր ելույթի ժամանակ։ Նա նաեւ հավելել է․ «Իրականում, 2019թ․ երկրորդ կեսին եւ 2020թ․ մենք որոշակի աճ ենք ակնկալում»։
Հաջորդ երեքշաբթի ԱՄՀ-ն կհրապարակի համաշխարհային տնտեսության թարմացված կանխատեսումը։ Հունվարին այն համաշխարհային աճի կանխատեսումը 2019 եւ 2020 թվականների համար կրճատել էր մինչեւ 3,5 տոկոս՝ կապված առեւտրային լարվածության աճի, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու անորոշության եւ ֆինանսական պայմանների խստացման հետ։
Լագարդն ասել է, որ բոլոր այս գործոնները շատ երկրներում հանգեցրել են հեռանկարների կտրուկ փոփոխության։ Նրա խոսքերով, ընդամենը երկու տարի առաջ համաշխարհային տնտեսության 75 տոկոսում վերելք էր դիտարկվում։ Սակայն այս տարի ԱՄՀ-ն կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսության մոտ 70 տոկոսը աճի դանդաղում կապրի։