ՌԴ-ում վթարվել է հայաստանյան միկրոավտոբուս. կան տուժածներ
Ապրիլի 1-ին, ժամը մոտ 20.00-ին, М4 խճուղու նովոչերկասկյան հանգույցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ծանր վնասվածքներ է ստացել երկու մարդ։ Հայտնի է, որ միկրոավտուբուսը 14 ուղեւորով շարժվում էր Հայաստանից դեպի Մոսկվա։ Այն ուղեւորափոխադրումներով չէր զբաղվում, մարդկանց տեղափոխել է պատվերով, տեղեկացնում է Donday-ը։
Նախնական տեղեկատվությամբ՝ «Մերսեդես» միկրոավտոբուսը 14 ուղեւորով շարժվում էր դեպի Մոսկվա, երբ անսպասելի նրա առջեւ դուրս է եկել «Շևրոլե Կրուզ» մեքենան։ Միկրոավտոբուսը բախվել է մեքենայի կողին, իսկ հետո իներցիայով այն քարշ տվել հանդիպակաց ճանապարհով։ Մեքենաները կանգ են առել միայն ձախ հատման եզրին։
ՃՏՊ-ի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել երկու մարդ, որոնք գտնվել են «Շևրոլե Կրուզում»՝ վարորդը եւ առջեւում նստած ուղեւորը։ Երկուսին էլ շտապօգնության բրիգադները հասցրել են Նովոչերկասկի հիվանդանոց։ Վնասվածքներ, կտրվածքներ եւ այտուցներ են ստացել միկրոավտոբուսի 10 ուղեւորներ, բայց նրանք բոլորն էլ հրաժարվել են հիվանդանոցից, ուստի նրանց անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվել է տեղում։
«Շևրոլեի» տուժածները Ռոստովի մարզի բնակիչներ են։