Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցն է
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց՝ հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։
Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել:
Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին, հայտարարություն է տարածել, թե իբր միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։
ԼՂՀ ՊԲ-ն հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները Թալիշի (Արցախ) ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։
Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև՝ ՀԿՌՀ հրանետեր և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ:
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:
Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։
Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ․ ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը։
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:
Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։
Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին։
Կողմերի զոհերի, վիրավորների և մարտական կորուստների թիվը՝ ըստ ժամանակագրության.
Ապրիլի 2-ի դրությամբ
Ըստ 2016 թվականի ապրիլի 2-ի 19։00-ի տվյալների, Ադրբեջանի մարտական կորուստներն են․
3 տանկ
3 ՀՄՄ
2 ուղղաթիռ
2 անօդաչու սարք
200 զինծառայող, այդ թվում՝ 40 հատուկջոկատային
Հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր
Ապրիլի 4-ի դրությամբ
2016 թվականի ապրիլի 4-ի դրությամբ հայկական կողմի կորուստները կազմել են
20 զոհված զինծառայող, որից 6-ը սպա-ենթասպա
72 վիրավոր զինծառայող, որից 8-ը սպա-ենթասպա
զոհված 4 քաղաքացիական անձ, որից 1 երեխա
Ապրիլի 6-ի դրությամբ
2016 թվականի ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի կորուստները վերջին ճշտումներով կազմել են՝ 110 զոհ և 121 վիրավոր: