Բրիտանական խորհրդարանը մերժեց Brexit-ի հարցով գործարքի 4 այլընտրանքային տարբերակները
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի հարցով գործարքի 4 այլընտրանքային տարբերակները։ Քվեարկության արդյունքներն ապրիլի 1-ի երեկոյան հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։ Երկուշաբթի նա պատգամավորների դիտարկմանն էր ներկայացրել այլընտրանքային տարբերակներ։
Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում էր համազգային հանրաքվեի անցկացմանը՝ Brexit-ի հարցով ձեռքբերվելիք ցանկացած համաձայնագրով։ Մեկ այլ տարբերակով առաջարկվում էր, որ Մեծ Բրիտանիան մնա եվրոպական տնտեսական գոտում և պայմանավորվի ԵՄ-ի հետ ժամանակավոր մաքսային միության մասին, մինչև գտնվի այլընտրանք։
Մեկ այլ այլընտրանքային տարբերակով կոչ է արվում ԵՄ-ի հետ համաձայնեցնել մշտական մաքսային միություն՝ Brexit-ի ընթացակարգից հետո։
Չորրորդ նախաձեռնությամբ առաջարկվում է պատգամավորներին դիտարկել տարբերակը, որը պահանջում է կառավարությունից Brexit-ի ժամկետների հերթական երկարացում։
Այդ քվեարկության արդյունքներն ունեն քաղաքական նշանակություն, սակայն չեն կրում պարտադրող բնույթ։