ԱՄՆ-ը դադարեցրել է F-35-ի շուրջ Թուրքիայի հետ համագործակցությունը
ԱՄՆ-ը չեղարկել է F-35 կործանիչների համար Թուրքիային սարքավորումների մատակարարումը՝ հայտնում է Reuters-ը։
Անտեսանելի ինքնաթիռի առաջիկա ժամանման համար անհրաժեշտ մատակարարման
հետ մեկտեղ, ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են թուրք գործընկերներին հետագա
մատակարարումների չեղարկման մասին։ Թուրքիայում արտադրվում են կործանիչի
որոշ պահեստամասեր։
Վաշինգտոնն այդ քայլին գնացել է այն պատճառով, որ Թուրքիան պատրաստվում է
ձեռք բերել ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգեր։ Անկարային չորս զենիթային
դիվիզիոն մատակարարելու մասին համաձայնագիրը, որի արժեքը կազմում է 2,5
մլրդ դոլար, կնքվել է 2017թ․։ ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներում
մտավախություն ունեն, որ եթե Թուրքիան ունենա ե՛ւ Ս-400-ներ, ե՛ւ F-35-եր,
ապա ռուսական համակարգերի ռադարները «կսովորեն» հայտնաբերել եւ հետապնդել
ամերիկյան կործանիչներին։
Մարտի 28-ին ԱՄՆ Կոնգրես է մտցվել Թուրքիային F-35 կործանիչներ
վաճառելու արգելքի օրենսդրական նախագիծը։ Սենատորներն առաջարկել են
Անկարային կործանիչներ չտրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան
կողմը Թուրքիայից Ս-400-ներից հրաժարվելու երաշխիքներ չի ստացել։