1998-ից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղը երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, ԼՂ մասնակցությունը բանակցություններին եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, և բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չի դրվել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե բանակցությունների ձևաչափը չի փոխվել:
«Վիեննայում արդյո՞ք քննարկել ենք ԼՂ մասնակցության հարցը, իհարկե, լրջորեն փաստարկե՞լ ենք, այո, արդյո՞ք այս հարցի վերաբերյալ կողմերը եկել են համաձայնության, իհարկե, չեն եկել: Նշանակո՞ւմ է սա, որ հարցն օրակարգից դուրս է եկել, իհարկե, ոչ: Բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասաց նա:
Փաշինյանը ներկայացրեց ևս մեկ փաստարկ, նշեց՝ 1998-ից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել:
«Մենք հիմա շատ դեպքերում ասում ենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից 1998-ից հետո դուրս է մղվել: Այո, ֆորմալ առումով այդպես է, բայց 1998-2018թթ. Ղարաբաղը ներգրավված է եղել, քանի որ Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր իրենց կենսագրության փուլում և ընդհանրապես եղել են Ղարաբաղի լիդերներ, և կարող էին նաև ինչ-որ առումով այդպես համարել, համենայն դեպս, Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքն այդ բանակցային գործընթացում ներկայացված է:
Մեր փաստարկն այն է, որ մինչև 1998թ. և հետո Ղարաբաղը ներկա է եղել գործընթացին: Հիմա, այն փաստի բերումով, որ ես ղարաբաղցի չեմ, այնտեղի լիդերներից չեմ եղել իմ կենսագրության որևէ փուլում, ստացվում է՝ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից»,- նշեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նաև հայտնեց՝ ունեն շատ լուրջ փաստարկների բազա, և ինքն ուզում է ասել, որ օրակարգի այդ կետը արձանագրվել և ամբողջ ծավալով քննարկվել է: