Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչները գնահատում են գոհացնող
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչները գնահատում են գոհացնող։ Այս մասին այսօր՝ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետի հետ հանդիպումից հետո ասաց Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
«Պարոն վարչապետն ասաց, որ ինքն երաշխավորում է՝ որեւէ մեկի վրա այսօր տնօրենի պարատականությունները չի դրվի, բացի Օպերային թատրոնի փոխտնօրենից մինչ այն պահը, երբ մենք կստանանք այն օրենքի կետերը, խնդիրները, որոնք նախարարությունը ներկայացրել է վարչապետին, մենք գրավոր կպատասխանենք եւ մեր հակափաստարկներով կրկին կհանդիպենք»,–նշեց նա։
Դիրիժորի խոսքով՝ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացել է, որ թե արդյունքում պարզվի, որ ներկայացված փաստարկներից թեկուզ մեկը կեղծ է, ներկայացնողն անմիջապես կազատվի աշխատանքից։
«Վարչապետը նաեւ նշեց, որ եթե կան օրենքի թերացումներ, դրանք պետք է շտկել։ Նա խոստացել է նաեւ գալ եւ ապրիլի 4-ին դիտել «Կախարդական սրինգ» օպերան»,–նշեց Արզումանյանը։
Նրա խոսքով՝ Նազենի Ղարիբյանը ներկա չի եղել հանդիպմանը։
Նշենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներըայսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաեւ աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին:
Որպես ազատման պատճառ նրանք նշել են մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալը:
Հիշեցնենք, որ օրերս Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով միայն գեղարվեստական ղեկավար: Ինքը՝ Օրբելյանը հայտարարել է, որ այդ դեպքում ընդհանրապես կհեռանա թատրոնից:
Բացի այդ, նախօրեին Հայաստանի թատերական գործիչների միությունում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որի մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը:
Նամակի տակ ստորագրել են Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների ղեկավարները: