Էրդողանը հայտարարել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին։ Մարտի 31-ին Թուրքիայում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։
Անկարայում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Էրդողանը հայտարարել է․
«Մեր ժողովուրդը 15-րդ անգամ մեզ դարձրեց առաջինն ընտրութուններում (2002 թվականից, երբ կուսակցությունը դարձավ իշխող)»։
Էրդողանը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մոտ 56 տոկոսը կգլխավորեն իր կուսակցության ներկայացուցիչները։ Էրդողանի խոսքով՝ իրենք կներդնեն առավելագույն ջանքեր՝ իրենց գործունեության թերությունները վերացնելու համար։
Anadolu գործակալությունը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները։ Քվեաթերթիկների 91․15 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն առաջատար են՝ 44․95 տոկոս ձայնով։ Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հավաքել է 30․25 տոկոս ձայն։ «Ժողովրդի միություն» իշխող բլոկը ստանում է 51․7 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիր «Ազգի միությունը»՝ քվեների 37․6 տոկոսը։
Իշխող կուսակցությունը հաղթում է 40 նահանգներում։ Նրա թեկնածուները հաղթում են Բուրսայի, Գազիանթեպի, Տրապիզոնի, Սամսունի քաղաքապետի ընտրություններում։ Անկարայի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավաշը, ով ստացել է 50․4 տոկոս ձայն։
Ամենասուր պայքարն ընթանում է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար։ Իշխող կուսակցության թեկնածու, Էրդողանի դաշնակից և նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը ստացել է ընտրողների 48․71 տոկոսի աջկցությունը՝ քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկի արդյունքներով։ Նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հավաքել է 48․65 տոկոս ձայն։