Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն ընթանում են ծեծկռտուքներով
Մարտի 31-ին Թուրքիայում ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ տարբեր շրջաններում շարունակվում են միջադեպեր գրանցվել համայքապետի թեկնածուների և վերջիններիս սատարողների միջև։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա շրջանի տարբեր թաղամասերում համայնքապետերի և նրանց հարազատների միջև ծագած կռվի հետևանքով 25 հոգի վնասվածք է ստացել։
Բախման ժամանակ կռվի մասնակիցներն օգտագործել են զենք, փայտ և քար։
Վիրավորները հոսպիտալացվել են։ Միջադեպի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանական ստորաբաժանումների կողմից։
Մի դեպք էլ գրանցվել է Դիարբեքիրի շրջաներից մեկում։ Ներկայիս համայնքապետ և այս ընտրություններում թեկնածու առաջադրված Սաիթ Ա․-ի և մյուս կուսակցությունից առաջադրված համայքապետի թեկնածու Նևզաթ Փ․-ի միջև վեճ է տեղի ունեցել։
Վեճի պատճառը եղել է այն, որ ընտրատեղամասում թռուցիկներ են տարածել։ Ծեծկռտուքին միացել են նաև վերջիններիս հարազատները։ Այդ ամենի հետևանքով Սաիթի եղբայրը և Նևզաթի որդին դանակահարվել են։ Նրանց նույնպես տեղափոխել են հիվանդանոց։
Ստամբուլի Քադըքյոյ և Էսենյուրթ շրջաններում համայքապետերի և նրանց մերձավորների միջև վեճ ու ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով մի հոգի դանակահարվել է։
Քադըքյոյի ընտրատեղամասերից մեկում 15 հոգու միջև ծագած կռվում դանակահարված անձը հոսպիտալացվել է։ Վերջինիս հարազատները հիվանդանոցում կրակ են բացել։ Ոստիկանությունը զինված անձին ձերբակալել է, իսկ մյուսներին բերման ենթարկելու աշխատանքները շարունակվում են։