ԱՄՆ-ը կդադարեցնի աջակցությունը Գվատեմալային, Հոնդուրասին և Սալվադորին. ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է դադարեցնել ուղղակի աջակցությունը Գվատեմալային, Հոնդուրասին եւ Սալվադորին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում
կատարելով ABC հեռուստաալիքին։
«Պետքարտուղարի (Մայք Պոմպեո) կարգադրությամբ մենք կատարում ենք
նախագահի հանձնարարությունը եւ դադարեցնում արտաքին օգնության ծրագրերը
«հյուսիսային եռանկյունուն» (Գվատեմալա, Հոնդուրաս, Սալվադոր) 2018 եւ 2018
ֆինանսական տարվա շրջանակում»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք կփոխգործակցենք Կոնգրեսի հետ այս գործընթացի շրջանակում»,- ավելացրել
է նա։
Ինչպես նշում է Politico պարբերականը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ
աղբյուրներին, մոտ 627 մլն դոլար, որոնք Կոնգրեսն անցած տարի հատկացրել է
Կենտրոնական Ամերիկայի երկրներին, գտնվում են Սպիտակ տան վարչաբյուջետային
կառավարման մեջ՝ «առկախ վիճակում»։ ԱՄՆ նախագահի աշխատակազմում պարբերականի աղբյուրների տվյալներով՝ առայժմ անհայտ է՝ արդյո՞ք Թրամփը ցանկանում է հրաժարվել այդ պետություններին դրամական միջոցներ հատկացնելուց։
Կենտրոնական Ամերիկայի հյուսիսային եռանկյունու մեջ են մտնում
Սալվադորը, Գվատեմալան եւ Հոնդուրասը, որտեղից վերջին տարիներին ԱՄՆ են
ուղեւորվում ավելի մեծ թվով միգրանտներ։ Անցած տարվա դեկտեմբերին Թրամփը
հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի օգնություն ցուցաբերել այդ
երկրներին։