ԱՄՆ-ում օրինագիծ են պատրաստել, որով առաջարկվում է Թուրքիային չմատակարարել F-35 կործանիչներ
Ամերիկացի մի խումբ սենատորներ օրինագիծ են ներկայացրել սենատին, որով
առաջարկում է արգելափակել նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների
մատակարարումը Թուրքիային, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ռուսական C-400
ՀՕՊ համակարգերը ստանալու մտադրությունից։ Այս մասին տեղեկացնում է
Ermenihaber-ը։
Այն կրում է «ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ օրինագիծ»
անվանումը։ Օրինագծի համահեղինակներն են Օկլահոմա նահանգի սենատոր,
հանրապետական Ջեյմս Լենֆորդը, դեմոկրատ Ջին Շահինը, Թոմ Թիլլիսը և Քրիս Վան
Հոլլենը։
Օրինագծով նախատեսվում է Թուրքիային չմատակարարել F-35-ները, մինչև
ԱՄՆ-ի նախագահը սենատին չվստահեցնի, որ Թուրքիան չի գնելու C-400-ները
Ռուսաստանից։
Սենատոր Ջին Շահինը, ով օրինագծի համահեղինակներից է, նկատել է, որ կա
հավանականություն, որ, եթե C-400-ները մատակարարվեն, ապա Ռուսաստանը
Թուրքիայում կարող է ծանոթանալ ամերիկյան ռազմական ինքնաթիռների
տեխնոլոգիաների հետ, իսկ դա, ըստ նրա, մեծ և գլոբալ սպառնալիք է ստեղծում։