Էջմիածնում տարածվել է «անհրապույր բույր»․ Դիանա Գասպարյանը կոչ է անում խուճապի չմատնվել
Էջմիածնում անհասկանալի ծագման հոտ է տարածվել, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ կոչ անելով խուճապի չմատնվել, քանի որ ըստ
մասնագետ-քիմիկոսների՝ վտանգավոր գազեր կամ այլ նյութեր մթնոլորտում առկա
չեն։
«Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է
անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բույր,
որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ պատճառները պարզելու նպատակով անմիջապես
կապ եմ հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել, որ համաձայն մինչ այս
կատարած ուսումնասիրությունների՝ տարօրինակ բույրի աղբյուրը Էջմիածնի
տարածքում չի գտնվում (ըստ նախնական վարկածի՝ հոտը քամին բերում է Մասիս
քաղաքի շրջակայքից), քաղաքում որևէ վթար տեղի չի ունեցել:
Ավելին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետ-քիմիկոսները
արդեն ստուգել են օդում վտանգավոր քիմիական էլեմենտների առկայությունը և
պարզել, որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր գազեր կամ այլ նյութեր
մթնոլորտում առկա չեն:
Այնպես որ, սիրելի՛ համաքաղաքացիներ, անհանգստանալու և, առավել ևս,
խուճապի մատնվելու կարիք չկա. ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո և
բոլորիս հուզող այդ բույրը շուտով կանհետանա»,- գրել է Դիանա Գասպարյանը: