Առայժմ լուծում չենք գտել․ Փաշինյանը՝ զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողների մասին
Մեր պետությունը, որ ներգրաված է հակամարտության մեջ, պետք է շատ զգույշ լինի, որպեսզի սխալ ուղերձ չհղի, եւ սխալ վերաբերմունք չցուցաբերի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք որոշել են գնալ եւ ծառայել Զինված ուժերում։ Այս մասին հայտարարեց
վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավստրիայում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի
ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով, թե
զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողների խնդրով
կառավարությունը ինչ կարգավորում է նախապատրաստում։
«Մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել ենք այդ թեման, թե մենք ինչ
կարող ենք անել, որը ճիշտ լինի իր բովանդակությամբ, օրենսդրական
տեսակետից։ Մի քանի տարբերակ քննարկել ենք, եւ առայժմ չենք գտել մի այնպիսի
լուծում, որի մեջ մենք 100 տոկոս համոզված լինենք, որ ճիշտ ենք վարվում»,-
նշեց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում հետախուզվողների 90-95
տոկոսը հետախուզվում է ժամկետային զինծառայությունից խուսափելու համար․
«Խնդիրը նաեւ այն է, որ մենք, լինելով պետություն, որը հակամարտության մեջ է
ներգրաված, պետք է շատ զգույշ լինենք, որ սխալ ուղերձ չհղենք, եւ սխալ
վերաբերմունք չցուցաբերենք այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր որոշել են
գնալ եւ ծառայել ՀՀ Զինված ուժերում»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է
գտնեն կարգավորման ինչ-որ մի ձեւ եւ առաջարկել լուծում, որ բոլորի կողմից
հնարավորինս ընդունելի կլինի։
Անդրադառնալով Համահայկական խաղերի կազմակերպմանը՝ Փաշինյանը նշեց, որ
այս տարի աննախադեպ թվով հայեր են մասնակցելու այդ խաղերին, սակայն նաեւ
նշեց, որ այդ տեղեկությունը պաշտոնական չէ, բայց իրեն թվում է, որ
տրամաբանական է։