Ինչի համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. ռուսական ԶԼՄ-ներ
Ռուսական երեք հեռուստաընկերություններ անդրադարձել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի թեմային:
ՌԴ-ի գլխավոր լրատվական ալիք «Ռոսսիա 24»-ը համարում է, որ Քոչարյանը քաղաքական հալածյալ է, Տեր-Պետրոսյանը՝ փորձառու սադրիչ, իսկ Փաշինյանը՝ անօրինականություն իրականացնող: Հեռուստաալիքի ռեպորտաժում, մասնավորապես, նշվում է, որ «1998-2008 թթ. Հայաստանի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին կալանել են, երբ նա հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն: Փաստաբանները նշում են, որ դա նման է պատվերով հաշվեհարդարի: Քոչարյանին վերագրել են բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ մարդու մահվան պատասխանատվությունը»:
ՏՎՑ հեռուստաալիքը «Արդարությո՞ւն, թե՞ հաշվեհարդար. ինչի՞ համար են դատում
Ռոբերտ Քոչարյանին» խորագրով ռեպորտաժում նշում է, որ «Հայաստանի նախկին
նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը, ըստ իր կողմնակիցների, ի
սկզբանե հիշեցնում էր քաղաքական հաշվեհարդար: Նրան առաջադրված
մեղադրանքներն իսկապես անհեթեթ են: Դրա հետ մեկտեղ վերագրում են, օրինակ,
սահմանադրական կարգի տապալումը: Չնայած ինչպես կարող էր նա տապալել, եթե
այդ պահին, իսկ խոսքը վերաբերում է 2008 թվականին, Քոչարյանն ինքը երկրի
առաջնորդն էր: Այդ կարգավիճակն, ի դեպ, ապահովում է նրան ցկյանս
անձեռնմխելիություն: Սակայն երկրորդ փորձից դատարանին ստիպել են նաեւ դա
շրջանցել»:
«Դա ամրագրված է Հայաստանի սահմանադրության մեջ: Եւ ահա գործադրվում են
բոլոր հնարավոր ջանքերը Հայաստանի սահմանադրությունը շրջանցելու համար
Ռոբերտ Քոչարյանին 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների համար
դատելու նպատակով: Իսկ եթե դատարանն ազատազրկման վճիռ կայացնի, նա
կշարունակի պայքարը: Այդ թվում, ըստ իս, նաեւ եվրոպական
կառույցներում»,-հեռուստաալիքը մեջբերում է ՌԴ-ի Պետդումայի՝ ԱՊՀ-ի եւ
հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին
Զատուլինի խոսքերը:
«Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցաքննել են գեթ մեկ անգամ: Չնայած,
փաստորեն, նա էր մարդկանց մահվան պատճառ դարձած 2008 թվականի ակցիայի
առաջնորդը: Սակայն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ այդպիսի անուշադրությունն
ունի պարզ բացատրություն: Այդ նույն բարիկադներին այդ ժամանակ նրա կողքին
կանգնած էր եւ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-նշվում է
ռեպորտաժում:
ՆՏՎ հեռուստաալիքը
հիշատակել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ
քննչական ծառայության ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումը, որում
բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում էին ցանկացած պարագայում Քոչարյանին
ձերբակալելու հարցը:
«Եթե Քոչարյանի գործը կարճվի, ապա դա կլինի նոր իշխանությանն ուղղված
ուժգին քաղաքական հարված, եւ դա հասկանում են վարչապետի
գրասենյակում»,-ամփոփվել է ռեպորտաժում: