Կառավարությունը մերժեց զինծառայությունից հետո առողջական վիճակի համալիր հետազոտություն անցնելու մասին ԱԺ նախագիծը
Կառավարությունն այսօր՝ մարտի 29-ին, մերժել է ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է, որ պարտադիր ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ ծառայությունից ազատվելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում:
Եթե պարզվի, որ անձի առողջական վիճակը վատացել է զինծառայության ընթացքում կամ պատճառով, ապա պետությունը պարտավորովում է երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակում ապահովել անձի առաջնահերթ և անվճար վերականգնումը: Նախարարությունը գտնում է, որ ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
«Գտնում ենք, որ ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող անձանց շրջանակն արդեն սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, որի համաձայն` զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են անվճար հիվանդանոցային և բժշկական օգնության անվճար բուժման իրավունքից», – ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:
Նա նաև նշեց, որ նախարարությունն այստեղ պատրաստ է որոշակի փոփոխություն անել, որ ոչ միայն զորացրված, այլև ծառայության ավարտից հետո ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձիք նույնպես օգտվեն այս հնարավորությունից, և այդ նախաձեռնության սկիզբն արդեն դրված է: