Հայաստանին և Արցախին հատկացնել 100 միլիոն դոլար. ԱՄՆ-ի 35 կոնգրեսականների կոչը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ աջակցել են Կոնգրեսի` հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեի կոչին` Հայաստանին և Արցախին 100 միլիոն դոլար օգնություն տրամադրելու մասին:
«100 միլիոն դոլարից 6 միլիոնը պետք է հատկացվի Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը և սահմանափակ շարժունակությամբ մարդկանց վերականգնողական բուժման նպատակին: Եվս 4 միլիոն հարկավոր է խաղաղության նախապատրաստման Ռոյս-Էնգելի առաջարկների ծրագրի համար»,-տեղեկացնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
Նշվում է նաև, որ 60 միլիոնը պետք է հատկացվի Հայաստանին, որպես տնտեսական օգնություն, 10 միլիոնը՝ ռազմական կարիքների համար, և 20 միլիոնը` սիրիացի փախստականների համար: Կոնգրեսականները կոչ են արել նաև ԱՄՆ-ի իշխանություններին հետևել Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտին», որի 907-րդ ուղղումը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը չի կարող ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս քայլեր չի ձեռնարկում շրջափակումը վերացնելու և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հարձակողական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: