Ռուս մասնագետները Վենեսուելայում կմնան՝ որքան հարկավոր է. Զախարովա
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս զինվորականները Վենեսուելայում են գտնվում ռազմատեխնիկական ոլորտում միջազգային պայմանավորվածությունների հիմքով և այնտեղ կմնան այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին հայտնել է Interfax-ը:
«Նրանք զբաղվում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պայմանավորվածությունների իրագործմամբ: Որքա՞ն ժամանակ: Այնքան ժամանակ, որքան հարկավոր է: Այնքան ժամանակ, որքան նրանք պետք կլինեն Վենեսուելայի կառավարությանը», – ասել է Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով են զբաղվում Վենեսուելայում ռուս մասնագետները և որքան կմնան այնտեղ:
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի կնոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին կոչ էր արել դուրս գալ Վենեսուելայից: Խոսքը գնում է ռուսական 2 ռազմական ինքնաթիռների մասին, որոնք մարտի 23-ին շուրջ 100 զինվորականներով և 35 տոննա բեռով ժամանել էին Վենեսուելա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը սատարում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, մինչդեռ Արևմտյան երկրների մեծ մասն աջակցում է երկրի ընդդիմության ղեկավար, ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին: