Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան կրկին կհետազոտեն. վիճակը ծանր է
Մասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջիկը կրկնակի հետազոտության կենթարկվի։ Այս մասին ասաց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։
Մասնավորապես բժիշկները պատրաստվում են հետազոտել հիվանդի բրոնխները՝ շնչուղիները վիճակը գնահատելու համար։
Աղջկա վիճակը շարունակում է մնալ ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք։
Բաբայանը նշեց, որ հիվանդի վերքերն աստիճանաբար ապաքինվում են, սակայն կարևորն ըստ նրա՝ շնչուղիները վերականգնելն է։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվել է ավտոմեքենա, Ն.Մ.-ն (ծնված 2007թ.) այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանական գիտական կենտրոն:
Shamshyan.com-ը հայտնում է, որ 12-ամյա աղջիկը եղբոր հետ ապրում էր «ՌԱՖ» ավտոմեքենայում։ Նրանք մշտական բնակության վայր չունեն։