Ջավախք այցի ժամանակ ՀՀ վարչապետը պայմանավորվել է, որ կկառուցվի Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածը. Շիրակ Թորոսյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ բարձր է գնահատում նրա շփումները Վրաստանի վարչապետի հետ: Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ քննարկվում են հուզող և համատեղ խնդիր ներկայացնող հարցերը, որ այդ հարաբերությունները կառուցվում են ՀՀ վարչապետի մատնանշած ձևաչափերով՝ առանց դավադրությունների, փոխադարձ ինքնության հարգանքի վրա: Թորոսյանը հիշեցրեց՝ Ջավախք այցի ժամանակ ՀՀ վարչապետը պայմանավորվել է, որ կկառուցվի Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածը, որն այսօր, պատգամավորի գնահատմամբ, զարհուրելի վիճակում է, դրանով անհնար է երթևեկել, և այն ամենամեծ խնդիրն է ջավախահայության:
Փաշինյանը հայտնեց, որ վրացական կողմից ստացել է հավաստիացումներ, որ ճանապարհը պետք է կառուցվի, այն մրցույթի փուլում է, դրա արդյունքներով ճանապարհի կառուցումը կսկսվի: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ իրենք ավելի լայն շրջանակ են քննարկում հարցերի, այն է՝ տարածաշրջանային ծրագրերի իրականացում:
«Մեզ հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա-Բավրա, այլև Բաթում-Բավրա հատվածը, քանի որ այս պարագայում արդեն 100 տոկոսով տրամաբանության մեջ տեղավորվում է մեր «Հյուսիս-Հարավը», նաև Բաթում-Բանդերաբաս գծի տրամաբանության մեջ կարող ենք հարցին մոտենալ: Որքան էլ ասենք՝ ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհաքաղաքական ազդեցություններից դուրս լինեն հարաբերությունները, մեր երկկողմ հարաբերությունները հաջողվում է պահել այդ համատեքստում, բայց երբ այլ՝ ավելի ընդլայնված ծրագրեր ենք քննարկում, աշխարհաքաղաքական ազդեցությունն այդտեղ ավելի շոշափելի է նկատվում, այս նախագծի համատեքստում թե ինչ կարգի խնդիրների կարող ենք բախվել, ակնհայտ է, թե ինչ զգայունություններ ունենք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այս պահին կարող ենք մտածել Բաթում-Հայաստան տրամաբանության մասին, եթե հաջողվի այդ ծրագիրն իրականացնել, Երևանից-Բաթում, ասում են, որ կլինի մոտավորապես նույն ճանապարհը, ինչ Թբիլիսիից Բաթում կամ մոտավորապես համեմատելի ճանապարհ, ինչը ձեռնտու կլինի թե´ Հայաստանին, թե´ Վրաստանին: