Դա մեր ընդհանուր քաղաքական որոշման արդյունքն է. Զեյնալյանը՝ երկու փոխնախարարների պաշտոնանկության մասին
Դա մեր կառավարության քաղաքական որոշման արդյունքն է: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ մեկնաբանեռլով արդարադատության երկու փոխնախարարների՝ Արթուր Հովհաննիսյանի եւ Սուրեն Քրմոյանի պաշտոնանկությունը:
«Սա կառավարության ընդհանուր որոշման արդյունք է: Ձեւաբանական առումով նախարարը ներկայացնում է առաջարկությունը, վարչապետը այն ընդունում է, կամ չի ընդունում»,-ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ իրենք բավարարված են Արթուր Հովհաննիսյանի եւ Սուրեն Քրմոյանի աշխատանքով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է: Իսկ թե ում կառաջադրենք փոխնախարարի պաշտոնում, կորոշենք»:
Նշենք, որ մարտի 22-ին արդարադատության երկու փոխնախարարերն ազատվել են պաշտոնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, երկու փոխնախարարները չեն կատարել Նիկոլ Փաշինյանի՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու հորդորը, ինչի կապակցությամբ կառավարության ղեկավարը որոշել էր ազատել նրանց պաշտոններից։