Հունիսից մտադիր ենք 10% բարձրացնել զինծառայողների, սեպտեմբերից՝ ուսուցիչների աշխատավարձը․ Փաշինյան
Հայաստանի բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է։ Մոտ 40 մլրդ դրամ ավել է հավաքվելու, քան նախատեսված էր։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ են մտադիր անել այդ գումարի հետ։
«Մենք մտադրված ենք 2019 թվականի հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը։ Մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է խոսքը», – ասաց Փաշինյանը։
Դրանից բացի, վարչապետի խոսքով` նախատեսվում է իրականացնել տարբեր մակարդակի 303 կիլոմետր ճանապարհների նորոգում, հիմնանորոգում և այլն։ Սա, ըստ Փաշինյանի, նույնպես աննախադեպ է վերջին 9 տարիների համար։