ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը Գերմանիայի խորհրդարանը կքննարկի ապրիլի 4-ին․ Ալբերտ Վայլեր
Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 4-ին, մեկ անգամ եւս ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցը Բունդեսթագում քննարկվելու է եւ բնականաբար հաստատվելու։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ասել է Գերմանիայի
Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի
նախագահ Ալբերտ Վայլերը «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով
միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ԳԴՀ Քրիստոնեադեմոկրատական
կուսակցության՝ «Կոնրադ Ադենաուերի» հիմնադրամը՝ ՀՀ-ում 10-ամյա
հոբելյանական գործունեության առիթով:
Նա նկատեց, որ Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերություններում ձեւավորվել
է շատ դրական դինամիկա․ «Կարող ենք արձանագրել, որ Հայաստանը շարունակում է
իր արտաքին քաղաքական գերակայությունները, եւ կարեւոր նշանակություն է
տրվում նաեւ ԵՄ-ի հետ համագործակցությանը»,- ասաց Ալբերտ Վայլերը։
Վայլերի խոսքով՝ Արևելյան գործընկերության շրջանակում պետք է
տարբերակվեն այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ ունեն Ասոցացման համաձայնագիր,
օրինակ՝ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը, և այն երկրները, որոնք փորձում
են ԵՄ-ի հետ բարեկամական գործընկերություն հաստատել, ինչպիսին Հայաստանն է:
Անդրադառնալով համաձայնագրի հեռանկարներին՝ Բունդեսթագի պատգամավորը
նշեց, որ նախատեսվում է համապարփակ և խոր տնտեսական, քաղաքական
գործընկերություն, որը ենթադրում է համատեղ ուղիներ, սահմանում է քաղաքական
երկխոսության շրջանակ՝ ի շահ բոլորի կողմերի, ինչպես նաեւ խթանում է
պայմանագրային կողմերի քաղաքական հարաբերությունները։
Ըստ համաձայնագրի, նա նշեց, որ նաեւ փորձելու են տարածաշրաջնում
նվազեցնել հնարավոր սրացումները եւ ստեղծել բարիդրացիական
հարաբերություններ։