ԱՄՆ-ի հինգ դաշնակիցներ դատապարտել են Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելը
Եվրոպական միությունում ԱՄՆ-ի հինգ դաշնակիցներ իրենց անհամաձայնությունն են հայտնել՝ կապված Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը Դոնալդ
Թրամփի կողմից ճանաչելու հետ, եւ «լուրջ մտահոգություն են հայտնել այդ
որոշման հետեւանքների կապակցությամբ»՝ հայտնում է AP-ը։
ՄԱԿ ԱԽ անդամ հինգ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի,
Լեհաստանի եւ Բելգիայի դեսպանները հրապարակել են համատեղ հայտարարություն,
որի մեջ ասվում է, որ իրենք չեն ճանաչում 1967թ․ գրավված Գոլանի
բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը։
«Տարածքների բռնի անեքսիան արգելված է միջազգային իրավունքով, եւ
սահմանների ցանկացած միակողմանի փոփոխություններ հակասում են միջազգային
կարգին եւ ՄԱԿ կանոնադրության հիմնական կանոններին»,- ասվում է նրանց
հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է
Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին
հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը
Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։
Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ
մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝
Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները
համարում են իրենց տարածքի մի մասը։