Տիգրան Ավինյանը ողջունել է Գերմանիայի պատրաստակամությունը` աջակցել Հայաստանում բարեփոխումներին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 26-ին ընդունել է Գերմանիայի
միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի
ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը:
Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և
ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի
զարգացման ուղղություններով ԳՄԶԸ հետ հաստատված արդյունավետ
գործընկերության կապակցությամբ:
Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս
Գերմանիայի հետ համագործակցության շարունակական զարգացմանը` նշելով, որ
առևտրի ու ներդրումների, գիտական ու տեխնոլոգիական զարգացման ու այլ
ուղղություններով համագործակցության զգալի ներուժ կա: Նա նաև ողջունել է
Գերմանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր ոլորտներում Հայաստանի
իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին:
Աննե Քեմպան նշել է, որ 2020թ.-ից Գերմանիայի կառավարության
ֆինանսավորմամբ ԳՄԶԸ սկսելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում»
ծրագիրը, որի նպատակն է Հարավային Կովկասի երկրներում պետական և
տեղական/համայնքային մակարդակում գործող հանրային հաստատությունների՝
քաղաքացուն ուղղված ծառայություններ տրամադրելու կարողությունների
ամրապնդումը:
Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման, տարածքային զարգացման
ու տեղական ինքնակառավարման բնագավառներում իրականացվելիք բարեփոխումների
գործընթացում համագործակցության հնարավորությունները: