Երեւան քաղաքի դատախազը բողոքարկել է Քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի վերաբերյալ դատավճիռը
Քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Երեւան քաղաքի դատախազը Վերաքննիչից պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելայնի եւ Արմեն Գասպարյանի վերաբերյալ դատավճիռը: Նա պահանջում է ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:
Երեւան քաղաքի դատախազի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել. այն կնախագահի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը: Ամենայն հավանականությամբ հենց Գեւորգ Բաղդասարյանն էլ դատարանում կներկայացնի բողոքը: