Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին Ս-400-ների գնման հարցում. Էրդողան
Թուրքիան չի նահանջի Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) գնելու հարցում, չնայած այն բանին, թե ինչ կասի ԱՄՆ-ը, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ոչ մի քայլ հետ Ս-400 գնելու հարցում չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է Patriot-ին, եթե ԱՄՆ-ը մեզ լավ պայմաններ առաջարկի, մենք բաց կլինենք նրանց համար»,- ասել է պետության ղեկավարը։
2017 թվականին ստորագրված պայմանագիրը Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ներ վաճառելու մասին Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական անհամաձայնությունների պատճառ է դարձել, վերջինը թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական համակարգերից հօգուտ ամերիկյան Patriot ԶՀՀ-ների։ Թուրքիայի իշխանություններն ամուր են իրենց դիրքորոշման հարցում եւ չեն ծրագրում հրաժարվել Ս-400-ներից անգամ ամերիկյան համալիրներ գնելու պարագայում։
Խոսքը Ս-400-ների չորս դիվիզիոնի մատակարարման մասին է, որի արժեքն է 2,5 մլրդ դոլար։ Գործարքի մի մասը Թուրքիան կվճարի ինքը, մյուս մասը՝ ի հաշիվ ռուսական վարկի։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ Ս-400-ները իր երկրի տարածքում կտեղակայվեն այս տարվա հոկտեմբերին։