Ֆրանսիայում ակտիվիստները կառավարական շենքերից գողանում են Մակրոնի դիմանկարները
Ֆրանսիայում ենթադրյալ էկոակտիվիստներն ամբողջ երկրում ներթափանցում են վարչական շենքեր եւ գողանում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դիմանկարները, հայտնում է Parisien-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ վերջին ամսվա ընթացքում նման արտառոց գողության դեպքեր են գրանցվում երկրի տարբեր քաղաքներում, ներառյալ Փարիզում: Հաղորդվում է, որ դիմանկարները տանում են շրջակա միջավայրի պաշտպանները, որոնք այս կերպ իշխանություններից կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջոցառումների են հասնում: Ընդ որում՝ նրանց մի մասը դեղին բաճկոններ է հագել, նշում է պարբերականը:
Ոստիկաններն արդեն ձերբակալել են մի քանի կասկածյալների, սակայն նրանք հրաժարվում են բացահայտել, թե գողացված դիմանկարները որտեղ են: Պարբերականը վկայակոչում է նաեւ ANV COP21 բնապահպանական շարժմանը, որն իր կայքում հրապարակված հայտարարության համաձայն կանգնած է այս ակցիայի հետեւում: Կազմակերպության տեղեկություններով՝ բնության պաշտպաններին հաջողվել է տանել նախագահի 27 դիմանկար: Ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել 21 մարդու եւ 14 խուզարկություն կատարել: Նշվում է, որ 14 մարդու դեմ դատավարություն է սկսվել:
ANV COP21-ի հայտարարության մեջ նշվում է, որ չնայած այս ամենին, ակտիվիստները «կշարունակեն բացահայտել իշխանությունների անգործությունը» կլիմայական փոփոխությունների հարցում: «Մենք այնքան ժամանակ կգործենք, մինչեւ կընդունվեն լուրջ միջոցներ, որպեսզի տաքացումը զսպվի առավելագույնը 1,5-2°C մակարդակում»,- հայտարարել են կազմակերպությունից: