Վարչապետը Լին Թրեյսիի հետ քննարկել է Արցախի հակամարտության կարգավորման խնդիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Թրեյսինն կառավարությունում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական աառքելության մեջ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու ընմդլայնումը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը
հաստատակամորեն շարժվում է ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման,
կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների
պաշտպանության և խոսքի ազատության ուղղությամբ ու կարևոր համարել նշված
ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լին Թրեյսին
նշել է, որ իր համար պատիվ է հանդիպել վարչապետ Փաշինյանին և վերահաստատել
ԱՄՆ-ի ամուր աջակցության հանձնառությունն ինքնիշխան Հայաստանին՝
ժողովրդավարական օրակարգի, հակակոռուպցիոն ջանքերի, տնտեսական ու
տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային անվտանգության խնդիրների շուրջ
շարունակական համագործակցության հարցերում: Տիկին Թրեյսին վստահեցրել է, որ
պաշտոնավարման ընթացքում կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նպաստելու նաև
երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան
հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Լին
Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության
կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: