157 մլն դրամ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում «157 մլն դրամ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը» վերտառությամբ գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշել է.
«Ավագանին հաստատեց Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը: Հատկացված բյուջեն կուղղվի Երևանի «Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի վերազինման և վերանորոգման աշխատանքներին: Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի, հարդարման սենյակների սրահի օդափոխության, բեմական լուսային և ձայնային համակարգերի վերազինման, անվտանգության և տեսանկարահանման ու ցուցադրման համակարգերի տեղադրման, ինչպես նաև դահլիճի և ամֆիթատրոնի բազկաթոռների նորացման իրականացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել և հանձնվել են 2018 թվականին:
Այսպիսով կլուծվի նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ևս երկու թատրոնների՝ «Երևանի Պատանի հանդիսատեսի» և «Մհեր Մկրտչյան արտիստական» թատրոնների վերազինման հարցը: Աշխատանքներն ավարտվելուց հետո «Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի կողմից նախկինում շահագործված և նորով փոխարինված սարքավորումները և գույքը կհանձնվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ «Մ. Մկրտչյանի անվան արտիստական» և «Պատանի հանդիսատեսի» թատրոններին: Մեկ թատրոնին տրամադրելով վերազինման բյուջե՝ մենք լուծում ենք միագամից երեք թատրոնի վերազինման խնդիր»: