Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ հանձնախումբն իր վշտակցությունն է հայտնել պատրիարքի բարեկամների և Թուրքիայի հայ համայնքին:
«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ուշադրությամբ հետևելու է նոր պատրիարքի ընտրության գործընթացին: Պատրիարք Մութաֆյանի հիվանդության ողջ ընթացքում թուրքական իշխանություններն օգտագործում էին ամեն հնարավոր առիթ՝ խոչընդոտելու ընտրական գործընթացը, պառակտելու հայկական համայնքն ու թույլ չտալու իրացնել նոր պատրիարք ընտրելու իրենց իրավունքը:
Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո Էրդողանի ռեժիմը չի կարող այլևս հետաձգել ընտրությունների անցկացումը: Այսուհետ ընտրական գործընթացում թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն անընդունելի է: Թուրքիայի հայերն ազատ են՝ ընտրելու իրենց հոգևոր առաջնորդին»,- ասվում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ: