Ադրբեջանը խոստովանում է՝ կրակն ադրբեջանական հենակետից է բացվել
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կտրուկ աճել է: ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ պաշտոնապես տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման արդյունքում, երեք հայ զինծառայող ադրբեջանցի դիպուկահարների կողմից արձակված գնդակից վիրավորվել են:
Ադրբեջանը ՀՀ ՊՆ հայտարարությանը փորձել է պատասխանել ոչ պաշտոնական մակարդակով: Ադրբեջանական կայքերը, հղում անելով անանուն աղբյուրներին, լուրեր են տարածում այն մասին, թե ադրբեջանցի դիրքապահները կրակ են արձակել, քանզի հայկական կողմից տրանսպորտային միջոցը մուտք է գործել չեզոք գոտի:
Երեք հիմնական պատճառ, որոնք մերժում են Ադրբեջանի կողմից շրջանառվող թեզն այն մասին, թե դիվերսիոն գործողություն իրականացնելու նպատակով հայկական տրանսպորտային միջոցը մուտք է գործել չեզոք գոտի:
Առաջին. Ադրբեջանի կողմից մատնանշվող «չեզոք գոտին» այն տարածքն է, որը պայմանականորեն բաժանում է հայկական և ադրբեջանական դիրքերը, այսինքն՝ դիրքից դիրք ընկած հատվածն է, որը ինչպես հայտնի է գրեթե ամբողջությամբ ականապատված է: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ «տրանսպորտային միջոցին» հաջողվեր մուտք գործել «չեզոք գոտի», ապա առաջին իսկ պատահած ականի դեպքում վերջինիս ընթացքը կկասեցվեր:
Երկրորդ. Սահմանի գրեթե ողջ երկայնքով խրամատ է ձգվում, որի վրայով տեսականորեն անհնար է անցել ու մուտք գործել «չեզոք գոտի»:
Երրորդ, տրանսպորտային միջոցը կարող է մուտք գործել «չեզոք գոտի», եթե դա թույլ է տալիս տեղանքը: Սահմանի այն հատվածը, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը սադրանք է իրականացրել, տեղանքի առումով լեռնային գոտի է, ինչի պարագայում, մուտք գործել «չեզոք գոտի» նշանակում է գլորվել ձորը:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, պետք է նշել, որ Ադրբեջանն իր շրջանառած թեզերով ոչ միայն չի հերքում սադրանքի փաստը, այլ խոստովանում է, որ իր մարտական հենակետերից իսկապես կրակ է բացվել, սակայն ոչ թե «չեզոք գոտում», այլ սահմանի հայկական հատվածում ընթացած տրանսպորտային միջոցի ուղղությամբ:
Գրառումը` Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: