ԱՄՆ-ում մոտ 7 կիլոգրամանոց երեխա է ծնվել
Հսկա աղջնակը ծնվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնել է New York Post-ը: Նորածնի հասակը 59 սանտիմետր է, իսկ քաշը` 6.9 կիլոգրամ: Բուժհաստատությունում նշել են, որ երբևէ չեն տեսել նման մեծ նորածին: Որպես կանոն, երեխաները 7 կիլոգրամի են հասնում 6 ամսականում:
Մայրը պատմել է, որ ծննդաբերությունը շատ ծանր ու ցավոտ է եղել: Նա ասել է, որ զգացողություն է ունեցել՝ կարծես թե իր վրայով երկու մեծ բեռնատար է անցնում: Փոքրիկ հսկան ծնվել է կեսարյան հատման միջոցով: Ի դեպ, նորածնի մայրը՝ Ջոյ Բակլին, ևս ծանրաքաշ է: Նա կշռում է 95 կիլոգրամ: Երկու տարի առաջ Բակլին ծննդաբերել էր 4․9 կիլոգրամ քաշով երեխա:
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհում ամենածանր նորածինը կշռել է մոտ 10 կիլոգրամ և մահացել է ծնվելուց 11 ժամ հետո: Այդ երեխայի մոր հասակը եղել է 241 սանտիմետր, իսկ հոր հասակը՝ 236 սանտիմետր: