Իտալական Լացիո մարզի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը, որի վարչական կենտրոնը համարվում է Հռոմը, միաձայն քվեարկել է 1915թ. Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին:
«Բանաձևում նշվում է, որ օրենսդիր մարմինն իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին, նրանց պայքարին` ուղղված պատմական արդարությանը և ջանքերին` մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասված է Իտալիայում հայ համայնքային կառույցների` Communitaarmena.it-ի հաղորդագրության մեջ:
Բանաձևը շրջանառության մեջ է դրվել Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ, այն Լացիոյում ներկայացվել է մարզի խորհրդարանի անդամ Սերջիո Պիրոցիի կողմից:
Լացիոյի խորհրդարանը դարձել է 139-րդ իտալական օրենսդրական մարմինը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: