Իտալիայի իշխանություններն արգելել են միգրանտներ տեղափոխող հերթական նավի մուտքը
Սիցիլիայի նեղուցում 49 փրկված միգրանտներ տեղափոխող հերթական նավը կանգնած է Լամպեդուզա կղզու առջեւ՝ չունենալով նավահանգիստ մտնելու համար Իտալիայի իշխանությունների թույլտվությունը:
ANSA գործակալությունը հաղորդում է, որ խոսքը Mare Ionio իտալական նավի մասին է, որը մտնում է Mediterranea նախագծում եւ աջակցություն ունի մի շարք քաղաքական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, գրում է ՏԱՍՍ-ը:
49 փրկվածների շրջանում 12 անչափահաս կա: Նախօրեին նրանց օգնություն էր տրամադրվել Լիբիայի ափերի մոտ: Իտալական նավի անձնակազմը միջամտել էր, քանի որ մարդկանց կյանքին վտանգ էր սպառնում: Mediterranea-ի համակարգողներն անմիջապես Իտալիայի իշխանություններից անվտանգ նավահանգիստ մտնելու թույլտվություն էին խնդրել:
Իտալիայի ՆԳՆ-ի կարգադրությամբ՝ նավին արգելվել էր մտնել Իտալիայի տարածքային ջրեր: Սակայն հաշվի առնելով 7 բալանոց փոթորիկը, անձնակազմը որոշում էր ընդունել շարժվել դեպի Լամպեդուզա կղզի՝ խախտելով կարգադրությունը:
Այժմ նավը շրջափակված է Իտալիայի առափնյա պահակախմբի եւ ֆինանսական գվարդիայի կատերներով:
ՆԳ նախարար եւ փոխվարչապետ Մատեո Սալվինին արդեն հայտնել է, որ իտալական նավահանգիստները փակ են մնում:
Նման կոշտ քաղաքականության շնորհիվ՝ տարվա սկզբից հնարավոր է եղել հասնել ծովով միգրանտների ժամանման դադարեցմանը: Տարվա սկզբից դրանց թիվը կազմում էր 348 մարդ՝ 97 տոկոսով ավելի քիչ, քան 2017-ի նույն ժամանկահատվածում եւ 94 տոկոսով ավելի քիչ, քան անցյալ տարի: