Թուրքիայում բնակչության ամեն 3-ից 2-ը դեմ է ատոմակայաներին
Թուրքիայում բնակչության ամեն 3-ից 2-ը դեմ է ատոմակայաների գոյությանը իրենց երկրում:
Թուրքիայի «Konda» հետազոտական կենտրոնը «Բնահպանության գիտակցումը և շրջակա միջավայրի պահպանումը» թեմայով զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել վերջին տարիներում ատոմակայանների կառուցման շուրջ հանրության արձագանքի փոփոխությանը:
2018թ. մարտին կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի բնակչության միայն 34%-ն է կողմ ատոմակայանի գոյությանը, իսկ 66%-ը դեմ:
Հետազոտությունը հիմնվել է նաև Թուրքիայի տարբեր քաղաքական ուժերին քվեարկող հասարակական շերտերին ուղղված հարցումների արդյունքների վրա:
Ըստ այդմ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP) քվեարկողների 50%-ն է կողմ ատոմակայանների կառուցմանը, իսկ ընդդիմադիր «Ժողովրդհանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP) ձայն տվող քաղաքացիների 87%-ը դեմ է կառուցմանը:
Երկրում ատոմակայանների գոյությանը դեմ են աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP) քվեարկող քաղաքացիների 66%-ը, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցությանը քվեարկողների 81%-ը և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) քվեարկողների 85%-ը:
«Konda»-ի 2011թ.(43% կողմ), 2012թ.(37% կողմ) և 2018թ. (34%) պատրաստած զեկույցները ցույց են տալիս, որ Թուրքիայում գնալով նվազում է ատոմակայանների կառուցմանը կողմ քաղաքացիների թիվը: