Facebook-ը Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ ֆեյքերի դեմ պայքարը կուժեղացնի
Facebook-ի ղեկավարությունը մայիսի 26-ին անցկացվող Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին կխստացնի ֆեյք լուրերի տարածումը կանխող կանոնները: Ի թիվս այլոց, Facebook-ը նոր վիրտուալ իրավիճակային կենտրոն կստեղծի, որին կմիանան սոցցանցի տարբեր գրասենյակների աշխատակիցները, հայտնել է թոփ-մենեջերներից մեկը՝ Թեսսա Լայոնսը: Գերմանիայում լուրերի հավաստիության ստուգման երկրորդ անկախ գործընկերը կլինի dpa գործակալությունը՝ հետազոտության Correctiv կենտրոնից հետո, փոխանցում է «Գերմանական ալիքը»: Ամբողջ աշխարհում Facebook-ն այս հարցով ընդհանուր աշխատում է 43 կազմակերպության հետ, հավելել է Լայոնսը:
Նախընտրական իրավիճակային կենտրոնը կդառնա պատրաստի սխեմա Facebook-ում ֆեյք լուրերի տարածման խնդրի ապագա լուծման համար: Դրանից բացի, սոցցանցը նախատեսում է կազմակերպել ծրագրերի մշակողների, տվյալների մշակման մասնագետների եւ քաղաքական փորձագետների շուրջօրյա համագործակցություն: Իրավիճակային կենտրոնի աշխատակիցները կկարողանան կապ հաստատել տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում նաեւ Գերմանիայում, որտեղ հասցեատերերից մեկը կլինի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անվտանգության դաշնային գերատեսչությունը (BSI):
Թեսսա Լայոնսի խոսքով՝ իրավիճակային կենտրոնն իր գործունեությունը կիրականացնի մի քանի վայրերում՝ ներառյալ Կալիֆոռնիայում Facebook-ի կենտրոնակայանը եւ Դուբլինում գլխավոր եվրոպական գրասենյակը: Facebook-ի նոր կառույցը աշխատանքը կշարունակի նաեւ Եվրամիությունում ընտրություններից հետո: Նա նաեւ հստակեցրել է, որ ֆեյք լուրերի դեմ պայքարի մեջ ընդգրկված մարդկանց թիվը 20 հազարից կմեծանա մինչեւ 30 հազար:
Նախկինում Facebook-ին մեղադրել են, որ 2016 թվականին ԱՄՆ նախագահական մրցապայքարում չափազանց քիչ բան է արել ֆեյքերի տարածման եւ ռուսական քարոզարշավի դեմ պայքարի համար: