Եվրոպան անհանգստացած է ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի երկարաժամկետ հավատարմությամբ
Եվրոպան անհանգստացած է ՆԱՏՕ-ին Միացյալ Նահանգների երկարաժամկետ հավատարմությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին՝ անուղղակի քննադատելով Դոնալդ Թրամփի մոտեցումը դաշինքին՝ հայտնում է Reuters-ը։
«Դաշինքը պետք է լինի անպայման, հակառակ դեպքում դա դաշինք չէ։ ՆԱՏՕ-ի
հավատարմության մասին կետը կոչվում է 5-րդ հոդված, ոչ թե F-35 հոդված»,-
ասել է Պարլին՝ նկատի ունենալով ամերիկյան կործանիչները։
ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը ասում է, որ դաշնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում նրանց բոլորի վրա։
Պարլին նաեւ հայտարարել է, որ մեծ եվրոպական ինքնավարության ձգտումը
չպետք է դիտարկվի որպես Միացյալ Նահանգների դեմ քայլ եւ չպետք է հանգեցնի
նրան, որ Վաշինգտոնն ավելի քիչ ներգրավված լինի այդ տարածաշրջանում։
Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ին՝ այն անվանելով «հնացած» կառույց։
Նա պահանջել է, որ դաշնակիցները մեծացնեն պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ-ի
2 տոկոս՝ սպառնալով հակառակ դեպքում հեռանալ ՆԱՏՕ-ից։
Թրամփը քննադատել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝
հայտարարելով, որ իր համար վիրավորական է պոտենցիալ հակառակորդների դեմ
Եվրոպայում սեփական բանակ ստեղծելու նրա առաջարկությունը։
Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային անհրաժեշտ է միասնական բանակ, որպեսզի նվազեցվի պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ից կախվածությունը։