Ինչ էներ խեղճ մարդը, երևի կապող բան ըդքան էլ չունի. Գյումրեցին` Ռոբերտ Քոչարյանի մասին
Երբ ցանկանում եմ տարբեր երևույթների մասին վերջնական պատկերացում կազմել, անպայման այդ թեման սկսում եմ վերլուծել Հայաստանի տարբեր քաղաքների ներկայուցիչների հետ, քանի որ այդպես պատկերն ամբողջական է լինում…: Եվ երբ ես այդ սկզբունքի համաձայն արտագաղթի մասին խոսք բացեցի իմ վաղեմի բարեկամ գյումրեցի Ա…-ի հետ ահա, թե ինչ ասաց նա ինձ,- «…Շատ են էրտացողները, ում հետ, որ առաջ բլոտ կղաղաի մեկե կլսեմ, որ գնացել է երկրից, ըսպես գնաց բլոտի պառ էլ չի մնա, վերջը ես ու դու բլոտը ադին- ադին բդի խաղանք, մե կողմիցմ էլ ավելի լավ' իշմար տալը կվերանա: Տիա' լսել եմ Ռոբերտ Քոչարյանն էլ է գնացել երկրից, ինչ էներ խեղճ մարդը, երևի կապող բան ըդքան էլ չունի: Մեր պապերի գերեզմանները, օդն ու ջուրը մեզի ըստեղ կպահե: Վերջը լավ կեղնի չմտածես, սաղ հետ գուկան, ու էդ վախտ ես ու դու կմտածենք իրանց թողնինք բլոտի սեղան, թե չէ..»:
Բնական է, որ այս լսելուց հետո ես սկսեցի ծիծաղել, քանի որ ավելի դիպուկ հնարավոր չէր ներկայացնել արտագաղթ երևույթը, սակայն այս դիպուկ հումորը մեծ նստվածք թողեց իմ վրա: Հիրավի արտագաղթում են բոլորը' թոշակառուները, ԲՈՒՀ-երն ավարտած, բայց հայրենիքում աշխատանք չգտած ուսանողները, գիտնականները, ազատամարտիկները, մշակույթային գործիչները և այսպես շարունակ, սակայն, երբ այդ ցուցակում է հայտնվում նաև երկրի երկրորդ նախագահը, դա արդեն հուշագրավ է դառնում: Այստեղ ցավալին այն է, որ իմ գյումրեցի բարեկամը, Ռոբերտ Քոչարյանին անդրադառնալով գյումրեցուն հատուկ իրոնիայով նշեց,-«Ինչ էներ խեղճ մարդը, երևի կապող բան ըդքան էլ չունի…»: Առաջին հայացքից այս նախադասությունը կարելի է դիտարկել հումորի տեսանկյունից, բայց, երբ խորանում ես, հասկանում ես, որ Հայաստանի երկրորդ նախագահի, երկրում չբնակվելու փաստը, գտնվում է ավելի շատ փիլիսոփայական հարթության մեջ: Այլ կերպ ինչպես հասկանալ, որ երկիրը լքում է մի մարդ, որը 10 տարի շարունակ ղեկավարել է այս երկիրը և պատասխանատու է այս երկրի վաղվա օրվա համար և ամենևին էլ կապ չունի այն հանգամանքը, թե նա այսօր նախագահ է, թե՝ չէ, չէ որ անկախ Հայաստանի 22 տարիներից 10 տարվա պատասխանատուն անձամբ ինքն է …:
Կարեն Թումանյան