Ավելի քան 90 հաստատության վնաս է հասցվել Փարիզում բողոքների ընթացքում
Առնվազն 91 հաստատության նյութական վնաս է հասցվել Ֆրանսիայում շաբաթ օրը «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ։ Այս մասին ասվում է երկուշաբթի Փարիզի եւ Իլ դը Ֆրանս շրջանի առեւտրաարդյունաբերական պալատի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ այդ հաստատությունների 80 տոկոսը ենթարկվել է թալանի, հրդեհների եւ այլ ավերածությունների։ Թերթի երեք կրպակ ոչնչացվել է։ Վնասվածքներ են ստացել ինչպես բիզնես ունեցողները, այնպես էլ նրանց աշխատողները։ Հաղորդագրությունում նշվում է, որ հիմնական կորուստները կրել են Ելիսեյան դաշտերի հաստատությունների սեփականատերերը։
«Բիզնեսի համար այս բարդ իրադրությունում պալատը խնդրում է կառավարությանը վճռական միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ընկերություններին աշխատել նորմալ պայմաններում»,- ընդգծված է հայտարարությունում։- Անհրաժեշտ է արտակարգ պլան Փարիզի առեւտրի համար»։
Ֆինանսական կորուստների մասին առայժմ չի տեղեկացվում։
Շաբաթ օրը Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերին մասնակցել է ավելի քան 32 հազար մարդ։ 17 ոստիկան եւ 42 ցուցարար տուժել են։ Փարիզում 237 մարդ կալանվել է, քաղաքին նյութական վնաս է հասցվել։ Բողոքի շաբաթ օրվա ակցիան չորս ամիս առաջ սկսված շարժման պատմության մեջ 18-րդն էր։