Քննարկվել են գերմանական շուկայում հայկական խմիչքների սպառմանն ուղղված քայլերը
Մարտի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ներկա գտնվեց ՊրոՎայն (ProWein) գինիների եւ ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին, որին այս տարի եւս Հայաստանը մասնակցում է առանձին տաղավարով։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական մշտապես բազմամարդ տաղավարում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ ներկայացված էր ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող շուրջ 20 հայկական ընկերություն։ Վերջիններս հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը, տեղեկատվական նյութեր, դեսպանի հետ քննարկեցին գերմանական շուկայում հայկական ալկոհոլային խմիչքների լայն սպառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Բացմանը ներկա էին Հյուսիսային Հռենոս - Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետը, Դյուսելդորֆի քաղաքապետը, Գերմանիայի տնտեսության եւ էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նշենք, որ ՊրոՎայն գինիների եւ ալկոհոլային խմիչքների միջազգային տոնավաճառը 1994-ից ի վեր կազմակերպվում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: Տոնավաճառի շրջանակներում աշխարհի 130 երկրների շուրջ 7000 ընկերություններ հնարավորություն են ունենում շուրջ 60.000 այցելուներին եւ ավելի քան 1․000 լրագրողներին ներկայացնելու իրենց ապրանքատեսակները: