Էրդողանը Նոր Զելանդիայի ահաբեկչության տեսանյութը օգտագործում է քարոզարշավում
Նոր Զելանդիայի Քրիսթչարչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի ունեցած զինված հարձակման տեսանյութը, որն արդեն հանվել է մի շարք սոցկայքերից, օգտագործվում է Թուրքիայի քաղաքական ուժերի կողմից նախընտրական քարոզարշավում, հայտնում է Ermenihaber-ը:
Ինչպես հայտնի է, Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
Նշյալ տեսանյութը ցուցադրվել է նախընտրական հանրահավաքներից մի քանիսի ժամանակ, երբ Ստամբուլ և Թեքիրդաղ քաղաքներում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս նշել է, որ Ավստրալիայում մզկիթի վրա հարձակված անձը թիրախավորել է անձամբ իրեն, ինչպես նաև ամբողջ Թուրքիային։
Էրդողանից բացի նշյալ տեսանյութը քարոզչական նպատակներով օգտագործվել է նաև Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդաչօղլուի կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք` Նոր Զելանդիայի երկու մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 50 մարդ, 48-ը՝ վիրավորվել։