Կառավարությանն է ներկայացվել կինոյի պետական կառավարման մոդելի փոփոխության առաջարկ
Ազգային ժողովում տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների և հայ կինոոլորտի ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը քննարկվում էին կինոյի ոլորտի առողջացման հնարավորությունները, ոլորտի ներկայացուցիչները հանդես էին գալու իրենց առաջարկություններով, ներկայացնում էին կինոարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները:
Հանդիպման ընթացքում Հայաստանի ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի հիմնադիր-անդամ, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք ՀՀ կառավարությանն են ներկայացրել առաջարկությունների երկու փաթեթ, որոնցից մեկը վերաբերում է ֆիլմարտադրության համար պետական կառավարման մոդելի փոփոխությանը:
Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ զարգացել է մի տրամաբանություն, որը հիմա կարծես թե փոխվում է: Ըստ նրա՝ ամեն ոլորտ պետք է համապատասխանեցվի կառավարության տրամաբանությանը:
«Կառավարության տրամաբանությունը պետական կառավարման օպտիմալացումն է և արդյունավետության բարձրացումը: Հիմա ֆիլմարտադրողների ֆեդերացիան փաթեթ է ներկայացրել կառավարություն: Դրա նպատակը պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումն է, դա ենթադրում է կինոյի կառավարման կառուցվածքային փոփոխություններ»,- ասաց կինոռեժիսորը:
Նրա խոսքով՝ Կառավարության հետ համաձայնությունը ձեռք է բերվել և հիմա քննարկումների փուլում են:
Կառավարության ներկայացրած առաջարկների երկրորդ փաթեթը վերաբերում է օրենսդրական կարգավորումներին: