Գառնու տաճարում մարտի 21-ին կնշվի Ամանորն ու Վահագնի ծնունդը
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, որ հեթանոս հայերը առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին:
Մինչ բուն տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի ներկայացուցիչները փոքր խմբով արևածագը կդիմավորեն արգելոց-թանգարանի տարածքում:
Տոնական արարողության ամենաուշագրավ մասերից մեկն էլ՝ ծիրանենու զարդարումն է: Հին Հայաստանում այն Կենաց ծառի խորհրդանիշ է եղել: Միջոցառման մասնակիցները ցանկություն կպահեն ու եռագույն ժապավեններով կզարդարեն արգելոց-թանգարանի տարածքում շուրջ 20 տարի առաջ տնկված ծիրանենին:
Միջոցառումը կշարունակվի երաժշտությամբ, Գառնի համայնքի մշակույթի պալատի սաների երգ ու պարի կատարումներով: Ներկաներին կբաժանվեն արևխաչերով տարեհաց ու մեկական ումպ գինի: