Ինչու՞ է Արամ MP3-ն Ամանորը դիմավորել թափառաշրջիկների հետ
Operativ.am-ի հետ զրույցում «Վիտամին ակումբի» հումորիստ Արամ MP3 պատմեց, թե ինչպես է դիմավորելու գալիք Նոր տարին և իր կյանքից Ամանորի հետ կապված հետաքրքիր դեպքեր հիշեց:
Ինչպես եք անցկացնելու գալիք Ամանորը:
-Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ տանը, հետո արդեն աշխատանքի:
Ձեր ամենասիրելի ամանորյա ուտեստը:
Սացիվի:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկին:
-Ո՞նց չհավատամ, իհարկե հավատում եմ:
Ի՞նչ նվեր եք ակնկալում Ձմեռ պապիկից:
-Հիմա դերերը փոխվել են, ես ինքս եմ Ձմեռ պապիկ դարձել, ուստի ինձ պետք է հավատալ: սպասելիքներ երևի թե տղայիս մոտ կլինեն, ճիշտ է, ինքը փոքր է, ցանկություններ չի արտահայտում, բայց ամեն դեպքում Ձմեռ պապիկը իր համար լավ-լավ նվերներ կբերի և տղաս կուրախանա:
Ամենայուրօրինակ նվերը, որ երբևէ ստացել եք:
-Երևի թե ամենայուրօրինակ նվերները Ձմեռ պապիկի բերածներն են եղել. մի տարի երազում էի, որ Ձմեռ պապիկն ինձ համար ձայնագրող մագնիտոֆոն բերի, և դա ինձ համար ամենալավ նվերն էր:
Ամանորի հետ կապված զավեշտալի դեպք Ձեզ հետ եղե՞լ է:
-Տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի, աշխատում էի դեղատանը. գիշերային հերթապահ էի: Ժամը տասնմեկին փակեցի դեղատունը և դուրս եկա, սակայն մոռացել էի, որ այդ ժամին փողոցում որևէ երթուղային մեքենա չի լինում, ստիպված նստեցի մետրո: Մետրոյից դուրս գալով, փողոցում ձյան մեջ դիմավորել եմ Նոր տարին մենակով, իսկ ավելի ճիշտ մի շարք անծանոթ մարդկանց հետ: Ճիշտն ասած, ես զարմացա, թե ինչու են այդ մարդիկ դրսում, հետո հասկացա, որ այդ մարդիկ տուն չունեն: Խմելու բան էլ չկար, պարզապես ասեցի շնորհավոր և ի վերջո տուն գնացի:
Վիտամին ակումբի ընկերներից առաջինն ո՞վ է Ձեզ այցելում:
-Մենք առանձին-առանջին չենք գնում, հավաքվում ենք և խմբերով իրար տներ գնում:
Վիտամին ակումբի կողմից սպասվու՞մ է ամանորյա նոր երգ:
-Երգ չէ, բայց հետաքրքիր ծրագիր ենք մտածել, որն Ամանորին եթեր դուրս կգա:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան