ԱՄՆ-ում կինը իր բուրգերում լոլիկի համար հարձակվել է ռեստորանի աշխատակիցների վրա (տեսանյութ)
Ամերիկյան Միչիգան նահանգում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ 37-ամյա Պորշա Թայլերը ներխուժել է արագ սննդի Burger King ռեստորան եւ հարձակվել աշխատակիցների վրա ու հայհոյելով հայտարարել, որ նախօրեին նրանք իր բուրգերի մեջ լոլիկ են դրել, թեեւ ինքը խնդրել էր, որ չդնեն՝ հայտնում է Fox News-ը։
Կինը Burger King է եկել փեսացուի հետ եւ պահանջել է վերադարձնել իր գումարը, որ վճարել է բուրգերի համար, սակայն նա, հավանաբար, աղմկելու ցանկություն է ունեցել։ Թայլերը հանկարծ վերցրել է սեղանին դրված ուտելիքով տոպրակները եւ սկսել է շպրտել աշխատակիցների վրա, նույնիսկ փորձել է անցնել ցուցափեղկի վրայով, որպեսզի հասնի իրեն «նեղացնողներին»։
Այցելուներից մեկը նկարահանել է այս միջադեպը, եւ տեսանյութը սոցցանցերում աննախադեպ տարածում է գտել։
Միայն Facebook-ում այն դիտել է 8000 մարդ։
NBC-ը հայտնում է, որ այժմ կինը կկանգնի դատարանի առջեւ՝ հարձակման եւ ունեցվածքին վնաս պատճառելու մեղադրանքով։