Եթե կարողանանք թամանյանական ազնվություն պահենք, շատ լավ կլինի. Արթուր Մեսչյան
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոն են այցելել ճարտարապետներ, ուսանողներ և հարազատներ`ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Լրագրողների հետ զրույցում Մեսչյանն ասաց, որ թամանյանական նախագծին 2019 թվականին վերադառնալը շատ բարդ է, այլ բան է՝ թամանյանական ճարտարապետական արժեքային համակարգին վերադառնալը.
«Ճարտարապետությունը երբեք չի կանգնում, զարգանում է, ձևափոխվում է: Որպես մեր կյանքի իրավիճակ և միջավայր, որի մեջ մենք ապրում ենք, եթե կարողանանք այդ թամանյանական ազնվությունը պահել, կլինի շատ լավ»,-ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Ըստ նրա՝ քաղաքը նույն ձևով պահպանել հնարավոր չէ, որովհետև կյանքն է փոխվել, այլ իրավիճակում ենք հիմա ապրում.
«30 հազարանոց քաղաք չենք էլ, կարևորը միջավայրը, որի մեջ ձեզ պարգևած է ապրել, լինի այն աստիճան սիրված ու գրագետ, ոնց որ ժամանակին մտածում էր Թամանյանը»,-ընդգծեց Արթուր Մեսչյանը: