Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները փետրվարի 15-ին Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ի ուղեբեռում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն» տեսակի դեղահաբեր: Թմրանյութ պարունակող դեղահաբերի մի մասը թաքցված է եղել թերմոսում, իսկ մնացածը խառնված է եղել այլ դեղահաբերի հետ:
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 14-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող Իրանի մեկ այլ քաղաքացի Մ.Է.-ն, ով նույն օրը ձերբակալվել է: