Նիկոլ Փաշինյանն ու Սիրիլ Մյուլերը քննարկել են Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցության ընդլայնումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։
Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական
օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է
խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի
արդյունավետությունն ու հասցեականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ
կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել
տնտեսական հեղափոխության և ՀԲ-ի հետ ակտիվ գործակցությունը կարող է նպաստել
երկրում տնտեսական ակտիվության խթանմանը: Խոսելով բիզնես միջավարի
բարելավման վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը
հաստատակամորեն գնում է բիզնեսի համար առավելագույնը թափանցիկ և մրցակցային
դաշտ ստեղծելու ուղղությամբ:
Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ
փոխգործակցությունը և հայտնել ՀԲ պատրաստակամությունը՝ սերտորեն
գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային
առաջնահերթությունների իրականացման, տնտեսության, այդ թվում՝ փոքր և միջին
բիզնեսի զարգացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ
կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ
կառավարության քայլերը բարենպաստ միջավայր կապահովեն երկրի տնտեսական
զարգացման ու առաջընթացի համար:
Երկկողմ համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկել են,
մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման, բարձր տեխնոլոգիաների,
կրթության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը
վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Սիրիլ Մյուլերն անդրադարձել են նաև Հայաստան-ՀԲ
2019-2023 թվականների համագործակցության ռազմավարական փաստաթղթին և դրանով
նախատեսվող ծրագրային առաջնահերթություններին: