Լավրովը մեկնաբանել է կանեփը լեգալացնելու մի շարք երկրների փորձերը
«Վերականգնողական նպատակներով» կանեփի օգտագործումը լեգալացնելու մի շարք երկրների փորձերն ուղիղ ճանապարհ են դեպի թմրանյութերի դժոխք։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Խոր տագնապ է առաջացնում մի շարք երկրներում կանեփի լեգալացումը այն
«վերականգնողական» կամ բժշկական նպատակներով օգտագործելու պատրվակով։ Սա
ուղիղ ճանապարհ է դեպի «թմրանյութերի դժոխք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝
հանդես գալով ՄԱԿ թմրանյութերի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի նախարարական
հատվածում։
«Մարդու իրավունքների փաստարկներով «քողարկվելու» փորձերը քննադատության
չեն դիմանում։ Անհրաժեշտ է ամենախիստ ձեւով հետեւել ՄԱԿ երեք պրոֆիլային
կոնվենցիաների դրույթներին, որոնք ամբողջ հակաթմրանյութային համակարգի
անկյունաքարն են եւ պետք է մնան անսասան»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը նշել է, որ թմրաբիզնեսը «նախկինի պես պարարտ միջավայր է
ծառայում կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի համար, ծնում է
բռնություն»։
«Ի հայտ են գալիս նոր հոգեակտիվ նյութեր։ Լուրջ մտահոգություն են
առաջացնում այնպիսի բարձրտեխնոլոգիական մարտահրավերներ, ինչպիսին են
«Դարքնեթը», այսպես կոչված անկոնտակտ թմրաթրաֆիկի վճարումների էլեկտրոնային
միջոցների օգտագործումը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ այս բոլոր մարտահրավերներից «ոչ ոք միայնակ գլուխ հանել չի
կարող», ուստի այսօր, ինչպես երբեւէ, պահանջված են համաշխարհային
հանրության միասնական ջանքերը՝ ընդհանուր խնդրի դեմ պայքարելու համար։