Գերմանացի պատգամավորը Ադրբեջանի հետ կապի համար 20 հազար եվրոյի տուգանվել է
Գերմանիայում Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավորը տուգանվել է այն բանի համար, որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից լրացուցիչ աշխատավարձի մասին։ Տուգանքի գումարը կազմում է 20 հազար եվրո։ Այս որոշումը մարտի14-ին ընդունել է Բունդեսթագի վարչակազմը՝ հայտնում է DW-ն։
Կարին Շտրենցի հանդեպ կասկածները հայտնվել էին դեռեւս 2017թ․ ԵԽԽՎ-ում
կոռուպցիոն սկանդալի ընթացքում։ Մասնավորապես, նրա անունը հիշատակվում է
Եվրոպայում Բաքվի շահերի համար լոբբինգի դիմաց կաշառք վերցնելու մասին
2018թ․ ապրիլին անկախ փորձագետների հրապարակված զեկույցում։ Փաստաթղթում
հաստատվում է, որ կոռուպցիոն աղմուկի հիմնական դերակատար, Բունդեսթագի
նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները նրան աշխատանքի է վերցրել իրեն
պատկանող Line M-Trade խորհրդատվական ընկերության միջոցով, որը
ֆինանսավորվում էր Բաքվի կողմից եւ զբաղվում էր Ադրբեջանի լոբբինգով։
Չնայած կոմերցիոն հետաքրքրություններին՝ Շտրենցը 2015թ․ մասնակցել է
Ադրբեջանի ընտրություններում դիտորդական առաքելությանը։ Այս մեղադրանքների
հետ կապված՝ Շտրենցը կրկին իր թեկնածությունը չի դրել ԵԽԽՎ-ում»։
Նա ինքը պնդում է, որ չի իմացել Լինթների ընկերության եկամուտների
ադրբեջանական ծագման մասին, եւ իր մեղքն ընդունել է միայն լրացուցիչ եկամտի
մասին ժամանակին չտեղեկացնելու համար։
Շտրենցի հետ կապված պատմությունը «Խավիարային դիվանագիտություն» անվամբ զեկույցի միայն մի մասն է։